National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.01.2022
«ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության նոր կարգավորում
1 / 8

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունների կարգը: Գործող կարգավորմամբ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու: Օրենքով հստակ կարգավորված չէ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:

8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Օրենսդրական բացը չկարգավորելու հետեւանքով ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, որով եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական բացը կարգավորելու անհրաժեշտություն կար, ինչը եւ առաջարկում է հեղինակը:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդեւանյանը եւ Աննա Մկրտչյանն առաջարկվող կարգավորմանը դեմ են արտահայտվել՝ դա համարելով ոչ ժողովրդավարական քայլ: Արթուր Դավթյանն ու Արփինե Դավոյանն էլ օրենսդրական բացի կարգավորման հիմնավորումներ են ներկայացրել եւ կարեւորել նախագծի ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագծով չկա որեւէ սահմանափակում, որով եթե մարդը չընտրվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա այլեւս երբեք չի կարող առաջադրվել այդ պաշտոնում: Չընտրվելու պարագայում նոր թեկնածու է առաջադրվելու: Ըստ նրա՝ Դոնթի բանաձեւը պահպանվելու է, քանի որ այն խորհրդարանական ժողովրդավարարության կարեւորագույն գրավականներից է:

Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ պատգամավորներ Էլինար Վարդանյանի ու Արմեն Գեւորգյանի հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am